Մինչ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր խոսքը կասեր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, իսկ ավելի ստույգ՝ ՀԷՑ-ի հայտը բավարարելու առնչությամբ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ սակագինը կբարձրանա 6,93 դրամով։ Գուցե սա չարյաց փոքրագույնն է, սակայն չենք կարող բացառել, որ այս թանկացումը գնաճի հիմք չի հանդիսանա։ Գուցե մեր կանխատեսումը ճիշտ չէ, և տնտեսության վրա այն բացասաբար չի՞ ազդի՝ փորձեցինք ճշտել օրենսդրից։
«ՎՆԱՍՆԵՐԸ ՄԵԾ ԿԼԻՆԵԻՆ, ԵԹԵ ՍԱԿԱԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՆԱՐ 17 ԴՐԱՄՈՎ»
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ պատգամավոր, «Կիլիկիա» ընկերության համասեփականատեր)
-Էլեկտրաէներգիայի թանկացումն ինքնաբերաբար բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, քանի որ արտադրության ոլորտում տեղի կունենա արտադրանքի ինքնարժեքի բարձրացում։ Չկա մի ոլորտ, որտեղ էլեկտրաէներգիան բաղադրիչ մաս չկազմի։ Ապրանքների ինքնարժեքի բարձրացումը կհանգեցնի գնաճի և՛ սպասարկման, և՛ ծառայությունների, և՛ ընդհանրապես բոլոր ոլորտներում։ Սակայն պետք է ընդգծեմ՝ գնաճը շատ ավելի բարձր կլիներ, տնտեսության վնասներն էլ՝ մեծ, եթե սակագինը բարձրանար 17 դրամով։ Այդ դեպքում մենք լուրջ խնդիրներ կունենայինք։
-Առանց այն էլ 2015-ի առաջին չորս ամիսների գնաճը ԿԲ-ի կանխատեսումներից ավելի եղավ։ Մյուս կողմից՝ նվազում է մարդկանց գնողունակությունը։ Այս իրավիճակում անհեթեթ չէ՞ բավարարել ՀԷՑ-ի պահանջը։
-Ինչ խոսք, 17 դրամով սակագնի բարձրացումն իսկապես անտրամաբանական է, հատկապես ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումների ֆոնին, հիմնավորումներ, որոնք, ինչպես պարզվեց, քննադատության չեն դիմանում։ Հույս ունեմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հալած յուղի տեղ չի ընդունի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները։ Ի դեպ, այն, որ այդ հիմնավորումները ուռճացված են, բացահայտվեց օրերս, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցազրույցներից մեկում բացառեց 17 դրամի թանկացումը։
-Այո, սակայն վարչապետը հավանական համարեց 6,93 դրամի չափով բարձրացումը։ Արդյոք այս դեպքում ևս սոցիալական լարվածություն չի՞ ստեղծվի։
-Եթե նկատեցիք, վարչապետը իր խոսքում նաև շեշտեց, որ անապահով ընտանիքներին այդ բեռից ազատելու համար կառավարությունը լրացուցիչ գումարներ է հատկացնելու։
«ՀԱՐՑԸ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՄԱԼԻՐ»
ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆ (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար)
-Եվ այսպես, վարչապետը խոստացավ փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի «վնասը» անապահով ընտանիքների համար։ Որքանո՞վ այդ աջակցությունը համարժեք կլինի սպասվող գնաճին։
-Այս պահին ուսումնասիրություն ենք իրականացնում, հաշվառելով անապահով ընտանիքների սպառած ամսական միջին էլեկտրաէներգիայի ծախսի և էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման ազդեցության չափը։ Վերլուծություններն իրականացվում են այս ուղղություններով, որոնց հիման վրա առաջարկություն կներկայացնենք կառավարությանը։
-Գուցե հնարավոր լինի անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսն այդպիսով փոխհատուցել, սակայն արդյոք կլուծվի՞ սոցիալական խնդիրն ամբողջությամբ։
-Դրա համար էլ վաղաժամ եմ համարում խնդրի շուրջ խոսելը։ Երբ մեր վերլուծությունները կավարտենք և դրանց հիման վրա կներկայացնենք ծրագրեր, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի առարկայական խոսել։
-Մեկ ճշտում. ուսումնասիրո՞ւմ եք սոցիալական տարբեր խմբերի վրա գնաճի ազդեցության խնդիրը։
-Հարցը դիտարկվում է համալիր, բոլոր կողմերից։
Ճեպազրույցը՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ